«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ուրոլոգիայի կլինիկա է դիմել 24 ամյա տղամարդ՝ գանգատվելով ձախ գոտկային շրջանի դիսկոմֆորտից։ Կատարված համակարգչային շերտագրության տվյալներով առկա էր ձախ երիկամի վերին բևեռի հյուսվածքային գոյացություն՝ մոտ 10սմ չափի։
Երիկամն ունի երկու երակ, որոնք օձիքաձև շրջանցում են աորտան (երիկամային օձիք), հանդիպում է 1․5% դեպքերում։ Երիկամային երակների լուսանցքները թրոմբված են․ հիմնական երակը մինչև ստորին սիներակի մակարդակ, իսկ հավելյալ երակում թրոմբոտիկ մասսան անցնում է ստորին սիներակի լուսանցք՝ 3սմ երկարությամբ։
Ուրոլոգիական թիմի կողմից (ուրոլոգիական կլինիկայի ղեկավար՝ բ․գ․թ․ դոց․ Վարուժան Շահսուվարյան, ուրոլոգ՝ Նաիրի Մելքոնյան), անոթային վիրաբույժների (Անոթային վիրաբուժության կլինիկայի ղեկավար՝ բ․գ․դ․ պրոֆ․ Տիգրան Սուլթանյան, բաժանմունքի վարիչ՝ Ռուսլան Պալոյան, անոթային վիրաբույժ՝ Լևոն Լևոնյան, անեսթեզիոլոգ՝ Արմեն Աթանեսյան) հետ կատարվել է ձախակողմյան ռադիկալ նեֆոուրեթերէկտոմիա, ստորին սիներակից թրոմբէկտոմիա և հետորովայնամզային լիմֆոդիսսեկցիա: Մոլեկուլյար գենետիկ հետազոտության արդյունքում պացիենտի մոտ ախտորոշվել է երիկամի կլորբջջային դեսմոպլաստիկ քաղցկեղ։ Պացիենտը կլինիկայում ստացել է պոլիքիմիոթերապիայի կուրսեր, դինամիկ հետազոտությամբ ախտադարձման նշաններ առկա չեն։
Նշենք, որ այս դեպքը համարվում է երիկամի քաղցկեղի չափազանց հազվադեպ հանդիպող տեսակ ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում։ Հիվանդացության միջին տարիքը 25 տարեկանն է, իսկ ցիտոռեդուկտիվ վիրահատական միջամտությունը համարվում է հիմնական բուժման տարբերակը։
.png)